Ինչպե՞ս ընտրել դպրոց երեխայի համար

Ինչպե՞ս ընտրել դպրոց երեխայի համար: Այս հարցը մտահոգում է շատ ծնողներին: Մինչ պատասխան փնտրելը, ծնողն առաջին հերթին պետք է.

  • ճանաչի իր երեխային, իմանա նրա նախասիրությունները, ճիշտ գնահատի նրա ինչպես առողջական վիճակը, այնպես էլ բնավորության գծերը և հնարավորությունները,
  • ինքն իրեն հարցնի՝ ի՞նչ է ուզում ինքն իր երեխայի համար և ինչի՞ է պատրաստ իր նպատակին հասնելու համար,
  • ինքն իր համար պարզի՝ ո՞րն է «լավ» դպրոցն իր համար:

«Լավ» դպրոց հասկացությունը հարաբերական է, և յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչ է պետք իրեն և իր երեխային:

Իսկ ինչպե՞ս ընտրել դպրոց:

Դպրոցն ընտրելիս անհրաժեշտ է.

  1. Տեղեկություններ հավաքել դպրոցների մասին: Տեղեկատվություն կարելի հավաքել ինչպես պաշտոնական կայքերից (http://schoolrate.armedu.am/), այնպես էլ շրջապատից և ծանոթներից: Սակայն այստեղ էլ պետք է նշել, որ յուրաքանչյուր տեղեկատվություն պետք ե ստուգվի: Միշտ չէ, որ պաշտոնական տեղեկատվությունն ամբողջական է կամ ծանոթ-բարեկամների կարծիքը համընկնում է ծնողի կարծիքի հետ:Պաշտոնական տեղեկատվության մեջ ոչ միշտ է արտացոլվում ոչ պետական դպրոցների մասին ինֆորմացիա: Եվ, բացի այդ, տվյալ դպրոցում աշխատող մի քանի նվիրյալ ուսուցիչների առկայությունը չի հավաստում, որ այդ դպրոցի ողջ ուսուցչական անձնակազմը նվիրյալ է, կամ օլիմպիադաներում հաղթած մի քանի աշակերտների առկայությունը չի նշանակում, որ դպրոցում մշակված է այնպիսի համակարգ,որ բոլոր աշակերտները ձգտեն դեպի ուսումն ու գիտելիքը:
  2. Ուշադրություն դարձնել դպրոցի մասնագիտացմանը (ֆիզիկամաթեմատիկական, հումանիտար, երաժշտակական և այլն): Յուրաքանչյուր ծնող ինքը պետք է ընտրի իր երեխայի հետաքրքրություններին համապատասխան դպրոց:
  3. Հաշվի առնել դասարանում աշակերտներ թիվը: 35 և ավելի աշակերտներից բաղկացած դասարաններում դժվար է լիարժեք կազմակերպել երեխաների որակյալ ուսուցումը: Այն երեխաներին, ովքեր չեն հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություններ և, ինչու չէ, ունեն վարքի և բնավորության առանձնահատկություններ,ավելի ճիշտ է տանել այնպիսի դպրոց, որտեղ դասարանում երեխաների թիվը մինչև 15 է:
  4. Հետաքրքրվել ուսումնական ծրագրերի ծանրաբեռնվածությամբ: Պետք է հաշվի առնել, որ «ուժեղ» դպրոցներում ուսումնական ծրագրերը շատ հագեցած են, և երեխաները նույնիսկ տարրական դասարաններում ստիպված են տնային հանձնարարությունները կատարելու համար ծախսել 5-6 ժամ: Ոչ բոլոր երեխաներն են ի վիճակի դիմանալ այսպիսի ծանրաբեռնվածությանը:
  5. Պարզել ուսման վարձի չափը: Պետական դպրոցները համարվում են անվճար, սակայն միշտ չէ, որ այդ դպրոցներում կազմակերպվող աշխատանքները (կրթական և դաստիարակչական) համապատասխանում են ծնողների պահանջներին: Կան ինչպես բարձր, այնպես էլ «մատչելի» ուսման վարձով ոչ պետական դպրոցներ: Ուսման բարձր վարձը դեռևս չի նշանակում, որ այդ դպրոցներում ուսման որակը ավելին է, քան «մատչելի» ուսման վարձով կամ պետական դպրոցներում:
  6. Հաշվի առնել դպրոցի հեռավորությունը: Ցանկալի է, որ դպրոցը մոտ լինի տանը կամ հարմար լինի այնտեղ հասնելը:
  7. Ուշադրություն դարձնել դպրոցի մասնաշենքին: Պակաս կարևոր չէ նաև դպրոցի մասնաշենքը, եթե նույնիսկ այն վերջերս չի վերանորոգված, գոնե պետք է լինի մաքուր, խնամված, ունենա սպորտային դահլիճ, համակարգչային դասարան, լաբորատորիա:
  8. Հավաքագրել շրջապատի կարծիքը: Ավելորդ չէ նաև խոսել այն ծնողների հետ, ում երեխաները սովորում են տվյալ դպրոցում:
  9. Հետաքրքրվել մանկավարժական անձնակազմի և տարրական դասարանների դասվարի մասնագիտական հմտություններով: Շատ կարևոր է ինչպես դպրոցի, այնպես էլ երեխայի ապագա ուսուցչուհու ընտրությունը: Ճանաչելով սեփական երեխային՝ ծնողը ուսուցչի հետ զրուցելիս կարող է հասկանալ, թե իր երեխային անհրաժեշտ է կտրուկ շարժումներով և արագախոս ուսուցչուհի, թե հավասարակշռված և հանգիստ: Պետք է նաև զրուցել դպրոցի տնօրենի հետ, իմանալ, թե ինչ հաջողություններ է ունեցել դպրոցը, ինչ արտադպրոցական աշխատանքներ են կազմակերպվում և այլն:

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում՝ ինչն է իր համար առաջնային:

Ստորև ներկայացվում է այն հիմնական չափանիշները, որով կարող են առաջնորդվել ծնողները.

  • Դպրոցի մասնագիտացում
  • Կարգապահություն
  • Ուսման բարձր որակ
  • Փորձառու մանկավարժական անձնակազմ
  • Տարրական դասարանների դասվարի մասնագիտական հմտություններ
  • Տեխնիկական հագեցվածություն
  • Արտադպրոցական աշխատանքների կազմակերպում
  • Ճանապարհը
  • Մաքուր և խնամված մասնաշենք

Հաջողություն ենք մաղթում բոլոր ծնողներին այս շատ պատասխանատու և ոչ այնքան հեշտ որոշում կայացնելիս:

Advertisements

Ի՞նչ պետք է պատմել երեխաներին Ցեղասպանության մասին

Ամեն տարի հայերի ցեղասպանության Հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, շատ ծնողներ, տատիկներ, պապիկներ իրենց երեխաների և թոռնիկների ձեռքը բռնած, ծաղիկներ են գնում և բարձրանում Ծիծեռնակաբերդ: Ապրիլի 24-ին նախորդող և հաջորդող օրերին հեռուստատեսությամբ և ռադիոյով անընդհատ խոսվում է այդ մասին, և երեխաներն էլ, իհարկե, անմասն չեն մնում այդ օրերին լսելու և տեսնելու ցեղասպանությանը նվիրված հաղորդումներ: Մտածել, թե 4-6 տարեկան երեխան փոքր է, կմեծանա, կիմանա, մի մոտեցում է: Սակայն տեսնելով, թե ինչպես են դպրոցականները արևածաղկի սերմեր ուտելով, ծամոն ծամելով և բարձր տրամադրությամբ բարձրանում Ծիծեռնակաբերդ, հասկանում ենք, որ մի շատ կարևոր դաս այդ երեխաները չեն ունեցել կամ լավ չեն յուրացրել:

Ուրեմն խոսենք այն մասին, թե ինչպես և ինչի մասին պետք է խոսել  նախադպրոցական երեխայի հետ Ապրիլի 24-ի և Ծիծեռնակաբերդի մասին:

Ինչպե՞ս երեխաներին պատմել ցեղասպանության մասին

Ստորև ներկայացնում ենք մի տարբերակ, թե ինչպես պետք է պատմել երեխաներին ցեղասպանության մասին.

«Շատ տարիներ առաջ հայերը և թուրքերը ապրում էին կողք կողքի,միասին աշխատում էին, սովորում…Բայց թուրքերի մեջ կային մարդիկ, ովքեր չէին սիրում հայերին, չէին ուզում, որ հայերն էլ լավ ապրեն, սովորեն: Նրանք ուզում էին, որ բոլոր հայերը թուրքերեն խոսեն, թուրք դառան… Եվ քանի որ հայերն  չէին ցանկանում թուրք դառնալ, թուրքերը որոշեցին քշել հայերին, սպանել և թալանել նրանց տունն ու ունեցվածքը : Թուրքերը շատ հայեր սպանեցին: Հայերի մի մասն էլ փախավ ուրիշ երկրներ, որ չմահանա: Բայց բոլոր թուրքերը չէին, որ վատն էին: Կային նաև թուրքեր, ովքեր օգնում և թաքցնում էին հայերին:

Շատ տարիներ անցան, հայերը կարողացան նորից գեղեցիկ քաղաքներ, տներ կառուցել, աշխատել, սովորել և ապրել: Բայց նրանք երբեք չեն մոռանում այն ամենը , ինչ արեցին թուրքերը իրենց տատիկների և պապիկների հետ: եվ հայերը որոշեցին  Ապրիլի 24-ը հայտարարել  զոհված հայերի Հիշատակի օր:

Ի՞նչ պատմել Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մասին

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցված է Երևանում ՝ Ծիծեռնակաբերդի բլրի վրա: Այս հուշակոթողը կոչվում է Ծիծեռնակաբերդ, որովհետև շատ տարիներ առաջ այդ վայրում շատ ծիծեռնակներ են ապրել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է գտնվում Հիշատակի դահլիճը և Վերածննդի կոթողը: Հիշատակի դահլիճի կենտրոնում է զոհերի հիշատակի Հավերժական կրակը, իսկ նրա շուրջ 12 թեք պատերից կազմված հուշահամալիրն է: Այդ պատերի ներքևի մասում կան սանդուղքներ, որոնցով մարդիկ իջնում են Հավերժական կրակի մոտ: Այստեղ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, մարդիկ ծաղիկներ են դնում՝ ի հիշատակ մահացած մարդկանց: Հավերժական դահլիճի կողքին կառուցված է Վերածննդի կոթողը: Այն ունի 44 մ բարձրություն: Այս կոթողը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերից հետո հայերը նորից ապրում և աշխատում են: Հուշարձանի շուրջը կա 100 մետրանոց պատ, որի վրա գրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որտեղ ամենաշատ հայեր են սպանվել: Ծիծեռնակաբերդում կա նաև թանգարան, որտեղ ցուցադրված են այդ ժամանակաշրջանի հայերի իրերն ու նկարները: Իսկ թանգարանի մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ ուրիշ երկրների ղեկավարները ծառ են տնկել՝ ի հիշատակ զոհերի:

Ի՞նչ պետք է անել Ծիծեռնակաբերդ բարձրանալիս

Картинки по запросу ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ բարձրանալիս երեխայի համար նույնպես անհրաժեշտ է ծաղիկներ գնել:

Երեխային պետք է բացատրել, որ հուշահամալիր գնալիս չի կարելի բարձրաձայն խոսել, վազվզել, անկարգություն անել, արևածաղիկ կամ քաղցրավենիք ուտել, չէ որ այդ օրը բոլորը գնում են հարգելու մահացած մարդկանց հիշատակը:

Երեխային պետք է բացատրել, որ ծաղիկները պետք է Հավերժական կրակի շուրջը դնել հանգիստ, այլ ոչ թե գցել:

Զրույցը եզրափակելիս պետք է չմոռանալ երեխաներին  բացատրել, որ մենք հիմա ունենք ուժեղ բանակ, և ոչ ոք չի կարող նեղացնել հայերին: Իսկ որպեսզի մեր պետությունն ու բանակն ավելի ուժեղանան, երեխաները պետք է լավ սովորեն, որ հետագայում կարողանան ավելի լավ աշխատել:

ԻՆՉՊԻՍԻ՞ ԳՐԻՉ ԸՆՏՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօր շատ ծնողների մտահոգում է այն հարցը, թե ինչ անել, որ երեխան կարողանա գրիչը ճիշտ բռնել և գեղեցիկ գրել: Շատ կարևոր է գրիչի ճիշտ ընտրությունը: Երբ սխալ գրիչ է ընտրված լինում,երեխայի ձեռքը շուտ է հոգնում, ձեռագիրը՝ տգեղ  և ծռմռված: Գրել սովորեցնելիս երեխաների համար ավելի ճիշտ է ընտրել գնդիկավոր գրիչներ, որի ձողի հաստությունը 0,5-0,7 մմ է: Ցանկալի է, որ ձողը լինի փափուկ, եռակողմ, քանի որ այսպիսի ձևը ամենալավն է ապահովում երեխաների մատների դիրքը՝ բացառելով դաստակի լարվածությունը: Գելային գրիչները հարմար են այն երեխաների համար, ովքեր կարողանում են արդեն գրել: Չնայած որ այդ գրիչները հեշտ են օգտագործման համար, բայց հարմար չեն սկսնակների համար, քանի որ վերջիններս չունենալով բավականին փորձ գրելու, դժվարությամբ են ղեկավարում այդ գրչի թանաքի հոսքը և ավելորդ հետքեր են թողնում ինչպես թղթի, այնպես էլ հագուստի և ձեռքերի վրա: Յուղային թանաքով գրիչները հարմար են բոլոր տարիքի երեխաների համար: Այդ գրիչները փափուկ են գրում, և թանաքը շուտ է չորանում թղթի վրա: Սակայն այս գրիչների թերությունն այն է, որ թանաքը շատ է ծախսվում: Վաճառքում կան նաև երեխաների համար հատուկ նախատեսված գրիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ “Գիտակ մանուկ” մանկական կենտրոնում

Հոկտեմբեր ամսից “Գիտակ մանուկ” մանկական ուսումնական կենտրոնում գործելու են անգլերենի, ռուսերենի, նկարչության և պարարվեստի խմբակներ 5 բարձր տարիքի երեխաների համար: Խմբակներում ուսման վարձը 5000 դրամ է: Գրանցվելու համար զանգահարել 010 39-94-12, 094 97-55-00 հեռախոսահամարներով:

Ընդունելություն “Գիտակ մանուկ” մանկական կենտրոնում

“Գիտակ մանուկ” ուսումնական կենտրոնը հայտարարում է 3.6-6 տարեկան երեխաների ընդունելություն: Ուսուցանվող առարկաներն են.
• Մայրենի լեզու/խոսքի զարգացում/գրաճանաչություն
• Մաթեմատիկա
• Անգլերեն
• Ռուսերեն
• Նկարչություն
• Ծեփ
• Ապլիկացիա
• Կառուցողական աշխատանք
• Երաժշտություն
• Ռիթմիկա/պար
• Բնագիտություն
Խմբում աշակերտների քանակը մինչև 15 երեխա է:
Հասցե՝ Կիևյան 9(Շանթ հեռուստաընկերության դիմաց), հեռախոս՝ 010-39-94-12,094-97-55-00
Continue reading

Ինչպե՞ս ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ցանկանում եք կազմակերպել Ձեր երեխայի ուսուցումը:

Մի քանի ամսից արդեն մեկնարկելու է նոր ուսումնական տարին և շատ ծնողների մտահոգում է, թե ինչպես ընտրել այն կազմակերպությունը, որտեղ երեխան կնախապատրաստվի դպրոց հաճախելուն:

Ստորև առաջարկում ենք մի քանի լուծումներ.

1.Ծանոթներ – կարող եք հետաքրքրվել ծանոթներից, թե որտեղ են հաճախել իրենց երեխաները մինչև դպրոց գնալը, ինչն է այդ կազմակերպությունում իրենց դուր եկել, ինչպիսի առարկաներ են ուսուցանվում և ինչքան ժամանակ են երեխաները մնում այդ հաստատությունում: Սակայն միայն ծանոթների միջոցով ընտրություն կատարելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ տարբեր մարդիկ տարբեր պատկերացումներ կարող են ունենալ այդ հարցում և բացի այդ տարբեր մարդկանց ընտրությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով. ոմանց համար կարևոր է ուսման վարձի մատչելիությունը, մյուսներին՝ բնակավայրին մոտ գտնվելը: Նույնիսկ կան ծնողներ, ովքեր կարևորում են ոչ թե ուսումնական ծրագրի բովանդակությունը, այլ այն դասասենյակները, որտեղ կազմակերպվում է երեխայի կրթությունը: Ելնելով վերը նշվածից՝ յուրաքանչյուր ծնող նախ և առաջ պետք է հասկանա, թե ինչ է ուզում ինքն ու ինչպես է պատկերացնում այդ աշխատանքը: Շքեզ վերանորոգումը խոսում է կազմակերպիչների ֆինանսական հնարավորությունների մասին և միշտ չէ, որ նման հաստատություններում կրթությունը բարձր որակի է լինում:

2. Զրույց հաստատության տնօրենի կամ ներկայացուցչի հետ – զրույցի ժամանակ պետք է մեծ ուշադրություն դարձնել, թե ինչքան աշխատանքային փորձառություն ունի տվյալ հաստատությունը, այսինքն՝ քանի տարի է գործում: Որքան մեծ է փորձառությունը, այնքան հավանական է, որ ձեր երեխան կստանա ավելի որակյալ կրթություն: Զրույցի ժամանակ շատ կարևոր է հետաքրքրվել նաև մանկավարժների կրթությամբ և տարիքով: Ավելի վստահել են այն հաստատությունները, որտեղ ուսուցիչներն ունեն համապատասխան բարձրագույն որակավորում և միջին տարիքի են: Նաև առաջնահերթություն պետք է տալ մանկավարժի բարյացկամ, սիրալիր և ինչու չէ, կոկիկ լինելուն: Հաջորդ հարցը, որ պետք է Ձեզ հետաքրքրի, առարկայի ծրագրի բովանդակությունն է: Եթե չեք կարողանում լիարժեք պատասխան ստանալ, թե կոնկրետ որ առարական ինչ բովանդակություն ունի, նշանակում է, որ այդ հաստատությունը չունի հստակ ծրագիր կամ այն ամբողջական չէ: Պետք է պարզել նաև երեխաների թիվը խմբերում: Մեծ քանակով երեխաների խմբերում որակյալ կրթության կազմակերպումը դժվար է: Ընտրության համար լավագույն տարբերակը մինչև 15 երեխայից բաղկացած խմբերն են: Ուսումնական տարվա ընթացքում էլ պետք ուշադիր լինել, որ այդ քանակը չավելանա: Հաստատությանը ծանոթանալիս ուշադրություն պետք է դարձնել նաև գույքին, որը պետք է հարմարավետ և համապատասխան լինի երեխայի տարիքին:Հետաքրքրվեք նաև, թե ինչպես են լուծվում երեխաների պետքարանի հարցերը և ձմեռվա ընթացքում ջեռուցման խնդիրները:

Միշտ չէ, որ բարձր ուսման վարձը խոսում է կրթության բարձր որակի մասին և հակառակը: Բարձր ուսման վարձը կարող է պայմանավորված լինել ոչ ճիշտ գնային քաղաքականությամբ, օրինակ՝ ուսման վարձի մեջ ներառված լինի նաև տնօրենի վարորդի աշխատավարձը կամ մեկ այլ բան, որը չի ներառվում կրթության կազմակերպման գործընթացի մեջ: